Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ինչքա՜ն մոտ էինք մեծ աղետին, կարելի է ասել՝ հրաշքով փրկվեցինք»

«Ինչքա՜ն մոտ էինք մեծ աղետին, կարելի է ասել՝ հրաշքով փրկվեցինք»
02.06.2015 | 00:15

Օրեր առաջ Մեծամորի ատոմակայանի շուրջ ԱԺ-ում հերթական բանավեճը ծագեց, որն այս անգամ ԱԷԿ-ի վերագործարկմանն էր առնչվում: Բանավեճի կողմերից մեկը «Իրատեսի» թիվ 23-ում նշել էր. «Պարզ է, չէ՞, որ ՀՀՇ-ն չէր կարող ատոմակայանի փակման մասին որոշում կայացնել, դա կենտկոմն էր անում: Հարցն այն է, թե ում ճնշման արդյունքում դա եղավ: Բա փակել էիր, պիտի բացեիր, բա ի՞նչ պիտի անեիր»:
Ամենայն անկեղծությամբ նշեմ, որ Հայոց համազգային շարժման համակիր եղել եմ, համանուն կուսակցության անդամություն մտքովս էլ չի անցել, այնպես որ, սույն նյութը ինքնապաշտպանության փորձ չհամարեք: Պարզապես քաղաքացիական բարեխղճությունն է պահանջում իրերն իրենց անուններով կոչել, ասված խոսքն էլ փաստարկել:
Հայկական ատոմակայանի նախագիծը մշակվել է 1969 թվականին, առաջին էներգաբլոկը շահագործվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին՝ 407,5-ական մեգավատտ հզորությամբ: 1982-ին ԽՍՀՄ-ում հաստատվել են ատոմակայանների անվտանգության նորմերի ու կանոնների կիրառման նոր պայմաններ, և պարզվել է, որ Մեծամորի ԱԷԿ-ն ունի բազմաթիվ շեղումներ, ընդ որում՝ շատ լուրջ և գործնականում անուղղելի: Ընդգծված նախադասությունը տառետառ արտագրել ենք այդ տարիներին ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասեր» հուշագրությունների գրքի «Էներգետիկայի հիմնախնդիրները» բաժնից:
Հուշագրությունից պարզվում է, որ այս պայմաններում իրականացվում էին նույնքան հզորությամբ ատոմակայանի 2-րդ հերթի շինարարության նախագծումն ու անհրաժեշտ միջոցների ստացումը: Եվ հանկարծ… ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ա. Կոսիգինի հետ մտերմիկ մի զրույցի ընթացքում վերջինս, դիմելով Կ. Դեմիրճյանին ու Ֆ. Սարգսյանին, ուղղակի հարցնում է. «Իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին, հաշվի առնելով նրա աշխարհագրական առանձնահատկությունները, կառուցել ատոմակայանի 2-րդ հերթը նախատեսված տեղում, հին նախագծով»:
Եվ սկսվում է կասկածների շրջանը, որն առավել է ահագնանում 1982 թվականին Մեծամորի ԱԷԿ-ում տեղի ունեցած կաբելների հրդեհի բռնկման դեպքից հետո: Ֆադեյ Սարգսյանը փաստում է. «Մենք ինչքա՜ն մոտ էինք մեծ աղետին, կարելի է ասել՝ հրաշքով փրկվեցինք»:
Ակամա ցանկանում ես նշել, որ 88-ի լիդերները գիտեին այս մասին, ընդունում էին վտանգի աստիճանը, ինչը, չգիտես ինչու, չիմացության են տալիս 2000-ականների շատ գործիչներ: Եվ հարցը՝ արդյո՞ք արդարացված կլիներ մեր պատմության անցումային այդ շրջանում գոյատևել նման «մոնստրի» հարևանությամբ, հնչում է ինքնաբերաբար: Հիշենք թեկուզ ատոմակայանից ոչ շատ հեռու տեղի ունեցած ինքնաթիռի աղետը:
Մեծամորի ԱԷԿ-ը փակելու ծանր գործն իրենց վրա են վերցրել ՀԽՍՍՀ այդ տարիների ղեկավարները, ինչի համար տասնամյակներ անց նրանց արածը հարկ է ըստ արժանվույն գնահատել: Անշուշտ, հեշտ չէր ծերակույտ քաղբյուրոյականներին նման առաջարկությամբ դիմելը, առավել ևս, երբ դեռ տեղի չէր ունեցել Չեռնոբիլի աղետը: Հաշվարկվել էր, որ ատոմակայանը անվտանգության տեսակետից գործող նորմերին ու պահանջներին հասցնելու համար հարկավոր էր ծախսել այնքան միջոցներ, ինչքան կպահանջվեին նոր ԱԷԿ-ի կառուցման համար: Սկսվել է նախագիծ փոխելու, պահանջները պակասեցնելու մի շրջան, ինչին մերոնք չեն համաձայնել: Կասկածները նրանց հանգիստ չէին տալիս, անվտանգ շահագործման համոզվածություն չկար: Ֆադեյ Սարգսյանը գրում է. «Բացահայտվեց տագնապալի մի պատկեր: Մենք հասկացանք, որ չի կարելի սպասել: 1982 թվականից մշակվել էր կայանի վերակառուցման երկու նախագիծ, բայց երկուսն էլ չընդունվեցին, քանի որ մեկը շատ թանկ էր, իսկ երկրորդը չէր ապահովում անվտանգությունը: Մանրակրկիտ վերլուծություններից հետո մենք եզրակացրինք, որ անհրաժեշտ է պայքարել հայկական ատոմակայանը փակելու համար»:
Լսո՞ւմ եք, պարոնայք 2000-ականների գործիչներ, խոսքը պայքարելու մասին է, Մոսկվայի հետ առճակատվելու, վերադաս կուսակիցների հետ ընդհարվելու, թերևս՝ կյանքի ու մահվան խնդիր: Այն գերագույն կամք էր պահանջում, պաշտոններն ու կուսակցական տոմսերը կորցնելու վտանգ, անհայտ այլ պատժամիջոցների սարսափ: Այս ամենն անտեսելով՝ ՀԽՍՀ ղեկավարությունը հասնում է նրան, որ ստեղծված հերթական հանձնաժողովի ամիսներ տևած տանջալից աշխատանքի արդյունք ակտը 1986 թ. ապրիլի 24-ին, Չեռնոբիլի աղետից երկու օր առաջ ուղարկվում է ԽՍՀՄ պետատոմհսկողություն հետևյալ եզրակացությամբ՝ հայկական ատոմակայանն անվտանգության տեսակետից չի համապատասխանում գործող նորմերին ու կանոններին: Որևէ մեկը դժվար կարողանա նշել, թե ինչ ազդեցություն է թողել սույն փաստաթուղթը մոսկովյան պաշտոնյաների վրա, քանզի ամիսներ են պահանջվել մինչև ԽՍՀՄ նախարարների խորհուրդը 1988 թ. օգոստոսի 27-28-ի երկօրյա նիստում ի վերջո որոշում է ընդունել հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումը դադարեցնելու մասին՝ այն պայմանավորելով Հրազդանի ՊՇԷԿ-ի շահագործմամբ: Ժամանակները, անշուշտ, խառն էին, բարդ ու անակնկալներով լի:
Կարծում եմ՝ հետագա ամիսների ու տարիների դեպքերի ու իրադարձությունների համար մեղավորներ փնտրելն անիմաստ է, քանզի Ֆադեյ Տաճատիչն ինքն էլ է նշում, որ ատոմակայանը, անկասկած, պետք էր փակել: Նորանկախ Հայաստանն ապրում էր ավերիչ երկրաշարժի պայմաններում, սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, երկրում համակարգային փոփոխություններ էին իրականացվում, ի վերջո պատերազմ ծագեց, որից հայերս պատվով դուրս եկանք, անգամ վերագործարկեցինք ԱԷԿ-ը, թեև անվտանգության մտահոգություններն այսօր էլ չեն մարել: Աշխարհի 31 երկրներում 2014 թվականին գործում էր էլեկտրաէներգիա թողարկող 434 ռեակտոր, որոնք տարվա ընթացքում միջին հաշվով աշխատում են 7000-7500 և ավելի ժամ, իսկ Մեծամորի ԱԷԿ-ը՝ մոտ 6000 ժամ: Ի՞նչ է սա նշանակում: 1000 ժամի տարբերությունը 400 ՄՎտ հզորության պայմաններում համարժեք է 400 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիայի, որը ՀՀ-ում միջին ամսական ծախս է: Նկատենք նաև, որ Մեծամորի ԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի մինչև 10 տոկոսն օգտագործվում է բուն կայանում և արձանագրվում որոշակի կորուստների տեսքով: Ստացվում է զգալի մի թիվ, որն էլ ազդում է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա. այն պարբերաբար առաջացնում է հանրային դժգոհություն:
Կարևոր խնդիր է նաև Մեծամորի ԱԷԿ-ի հզորության գնահատումը: Հայերիս մեջ արմատավորված այն հիմնական կարծիքը, թե ատոմակայանը լիովին լուծում է երկրի էլեկտրաէներգետիկ պահանջարկը, անգամ արտահանման հնարավորություն է ստեղծում, պարզապես թյուրըմբռնում է, եթե առավել բնութագրական «խաբկանք» գնահատականը չօգտագործենք: ՀՀ-ում վերջին 20-ամյակում տարեկան 5-6 մլրդ կՎտ.ժամ էլեկտրաարտադրությունն այն նվազագույն ցուցանիշն է, որը հատուկ է թույլ տնտեսություն ունեցող երկրներին, քանզի 1 բնակչի հաշվով ստացվում է հազիվ 2000 կՎտ.ժ: Այստեղ Մեծամորի ԱԷԿ-ի ներուժը մոտ 30 տոկոս է: Նման արդյունքով, երբ էլեկտրաէներգիայի որոշակի մասը ծախսվում է բնակարանները ջեռուցելու նպատակով, մնացյալով զարգացող տնտեսությանը բնորոշ շարժիչներ ու հաստոցներ չես աշխատեցնի, այստեղից էլ, թերևս, մեր երբեմնի հզոր ձեռնարկությունների ներկայիս տխուր վիճակը: ՀՀ-ում իրական գործող էլեկտրաէներգիա արտադրող կայանների միացյալ հզորությունը հազիվ 1500-1600 ՄՎտ է, երբ անհրաժեշտ է դրա գոնե կրկնակին ունենալ: Այսօր արդեն մեր հարևան Իրանը 1 բնակչի հաշվով ունի 3000 կՎտ.ժ ցուցանիշ, աննշան պակաս՝ Թուրքիան, նույնը Վրաստանը: Այս առումով առավել բարձր ցուցանիշներ ունեն զարգացած երկրները, ուր 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունը կազմում է 8-10 հազար կՎտ.ժ, Ֆինլանդիայում ու Կանադայում՝ 18-հազարական կՎտ.ժամ, Նորվեգիայում՝ մինչև 30 հազար, հիմնականում հիդրոկայանների շնորհիվ: Ցավալիորեն Հայաստանի տնտեսությունն այս առումով բացթողումների լրջագույն խնդիր ունի, երբ չկան իրական հզորություններ, դրանց լուծումները թողնվել են հեռավոր ապագային: Իսկ կարելի էր, չէ՞, պետական կամ այլ միջոցներով արդեն կառուցված տեսնել Մեղրիհէկ-1-ը, անգամ երկրորդը, աշխատանքներ ծավալել էներգետիկների փայփայած Լոռիբերդի, Շնողի տարածաշրջանի հիդրոհամալիրների իրականացման ուղղությամբ: Չենք խոսում արդեն էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային հնարավորությունների կիրառման մասին, որպիսիք իրական էլեկտրաէներգիա են թողարկում աշխարհի շատ երկրներում: Իրոք, ցավալի իրողություն է, որ ժամանակին համաքայլ չենք ընթանում, ինչն էլ բազմաբնույթ լրջագույն խնդիրներ է ստեղծում հայ հանրության համար: Այսուհանդերձ լավատեսությանը տուրք տալով, հույս տածենք, որ երկրի համար անչափ կարևոր էլեկտրաէներգետիկ ոլորտը մեզանում առավել գործնական ուշադրության կարժանանա:
Սույն մտորումներն ավարտում էի, երբ ԱԺ-ՀՀ կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում տեղեկություն հնչեցվեց, թե առաջիկայում պատրաստվում է էլեկտրաէներգետիկ ռազմավարության ծավալուն հայեցակարգ: Եկեք ուշացած չգնահատենք այն:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2784

Մեկնաբանություններ